Ադրբեջանական իշխանությունները հերթական  զգուշացումն են կատարել փախստականներին:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, վկայակոչելով  բնակեցման, միգրացիայի եւ զբաղվածության հարցերով կոմիտեի բաժնի վարիչ Սյանան Հուսեինովին, շրջանցիկ ճանապարհներով բնակարաններ ձեռք բերելու փորձեր են կատարվում:

Նրա խոսքով՝ փախստականների բնակեցման գործընթացն իրականացվում է հատուկ ստեղծված հանձնաժողովի մասնակցությամբ, ինչպես նաեւ հենց իրենց՝ փախստականների: Բնակարաններ ստացած փախստականների ցուցակը ճշտվում է այդ տների շինարարությունից մի քանի տարի առաջ. «Օրինակ, հանրակացարանում, որտեղից տեղափոխվում են, ճշտվում են այն անձանց անունները, ովքեր ապրել են այնտեղ վերջին հինգ տարվա ընթացքում, ինչպես նաեւ ճշտվում են մահացածների ու ծնվածների անունները: Եթե ինչ-որ մեկը միայն երեկ է հանրակացարան տեղափոխվել, չի կարող բնակարանի հավակնել»:

Կոմիտեի ներկայացուցիչը նաեւ մեկնաբանել է Քյալբաջարի շրջանից Գյանջայում հաստատված Սահավաթ Մամեդովի ինքնասպանության փորձը ի նշան բողոքի ընդդեմ բնակարանների բաշխման.«Այսուհետ թող ոչ ոք  չփորձի բնակարան ձեռք բերել շրջանցիկ ճանապարհով, դա իրենց չի հաջողվի»: Նրա խոսքով՝ Բաքվում ու Գյանջայում խարդախության փորձեր են կատարվում: «Բոլոր փախստականներին լուրջ նախազգուշացում է կատարվում, եթե նրանցից որեւէ մեկը նմանատիպ խարդախության գնա, կենթարկվի քրեական պատասխանատվության»,- խոստացել է պաշտոնյան: