2013 թվականի դեկտեմբերի 14-ից հանրապետությունում սկսվեց ջերմաստիճանի նվազումը եւ արդեն տարվա վերջին օրերին Արարատյան հարթավայրում գրանցվեցին ամենացածր ջերմաստիճանները՝ 16-20 աստիճան զրոյից ցածր, իսկ հանրապետության մյուս տարածաշրջաններում դիտվեց տարվա տվյալ ժամանակահատվածին բնորոշ ջերմաստիճանային ռեժիմ:

Գյուղնախարարությունից հայտնում են, թե այսօրվա դրությամբ դեռեւս վաղ է ցածր ջերմաստիճանների հետեւանքով գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերի եւ բազմամյա տնկարկների հնարավոր վնասների վերաբերյալ ընդանրացումներ անել եւ տալ գնահատականներ: Սակայն, միանշանակ կարելի է պնդել, որ հանրապետության հիմնական հացահատիկացան տարածաշրջաններում աշնանացան ցորենի ցանքերը չեն տուժել,  քանի որ ցածր ջերմաստիճաների պայմաններում  ծածկված են եղել ձյան կայուն շերտով:

Արարատյան հարթավայրում եւ նախալեռնային գոտում խաղողի ծածկված այգիների (որտեղ խնամքով կատարվել է այգեթաղ) վազերը բացարձակապես չեն վնասվել: Չեն վնասվել նաեւ չթաղված ցրտադիմացկուն (Մեղրաբույր, Չարենցի, Ներկառատ եւ այլն ) սորտերի վազերը: Նախարարության մասնագետները  մտահոգություն ունեն , որ  չթաղված խաղողի սեղանի եւ մի շարք տեխնիկական սորտերի բերքատու մատերի կենտրոնական (գլխավոր) աչքերը  կարող են այս կամ այն չափով վնասված լինել: Չի բացառվում  նաեւվնասների հնարավորությունը կարկտահարված դեղձենու եւ կեռասենու այգիներում:

Վերջնական արդյունքները պարզ կդառնան  մարտի կեսերին, երբ խաղողի վազերի եւ պտղատու ծառերի մոտ կսկսվի ակտիվ հյութաշարժը:

Այդ կապակցությամբ կներկայացվի համապատասխան տեղեկատվություն: