Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի տոնը հռչակված է նորապսակների օրհնության օր եւ Ս. Պատարագից հետո եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արարատյան թեմի մամլո դիվանը:
Ըստ այդմ, նշվում է, որ այդ օրը Տերունի տոնով մենք հիշատակում ենք 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:
Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես եւ Ա. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ գալիս է Տաճար:
Տեառնընդառաջն անշարժ տոն է եւ նշվում է փետրվարի 14-ին` Հիսուսի ծննունդից 40 օր հետո: Եվ քանի որ ըստ եկեղեցական տոնացույցի օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո, Տեառնընդառաջի տոնախմբություններն էլ, ինչպես մյուս տոների պարագայում, սկսվում են նախորդ օրը: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ, իբրեւ Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Եկեղեցու ճրագներից վառված մոմեր տանելով` մարդիկ իրենց բակերում եւս խարույկ են կազմակերպում: Ժողովրդական այս սովորությունը քրիստոնեության աստվածաբանության հետ կապված չէ, սակայն Հայ Եկեղեցին դարեր ի վեր պահպանել է որպես ժողովրդական գեղեցիկ ավանդույթ:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի բոլոր եկեղեցիներում Տեառընդառաջի նախատոնակին ու տոնի բուն օրը` Ս. Պատարագից հետո, կկատարվի նորապսակների օրհնության կարգ: Մի շարք եկեղեցիների բակերում կազմակեպվելու են համերգներ:


























