Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպում է ունեցել Վիեննայի հարեւանությամբ տեղակայված Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի տնօրեն եւ գործադիր քարտուղար Մարտին Կրոյտների հետ:

Ողջունելով Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի հիմնարար համաձայնագրին Հայաստանի միանալու քայլը՝ Մարտին Կրոյտները դեսպան Կիրակոսյանին ներկայացրել է վերջին տարիներին կազմակերպության գործունեության հիմնական հանգրվանները, կազմակերպած սեմինարների եւ նստաշրջանի արդյունքները:

Նշենք, որ 2013թ. դեկտեմբերին Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ կազմակերպությանը անդամակցության կարգավիճակ է ստացել: Հունիսին նախատեսվում է համագործակցության համաձայնագիր ստորագրել Փարիզում տեղակայված Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հետ: Ակադեմիայի հետ աշխատանքների համակարգմամբ զբաղվում են անդամ երկրների տարբեր գերատեսչություններ, գլխավորապես Արդարադատության նախարարությունը, գլխավոր դատախազությունը, ոստիկանությունը: Ակադեմիային Հայաստանի անդամակցությունը ուժի մեջ կմտնի 2014թ. մարտի 15-ից: