Ոստիկանությունը հայտարարել է, որ ՀԱԿ-ի ակտիվիստներն իբր խուլիգանություն են կատարել, դրա համար են բերման ենթարկել ոստիկանության բաժին: Այս մասին ոստիկանության կենտրոնական բաժնի մոտ լրագրողներին հայտեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ով քիչ առաջ է դուրս եկել ոստիկանությունից:

Նա տեսակցել է բոլոր բերման ենթարկվածների հետ, որոնց թիվը 10-ից ավելի է:

Բերման ենթարկվածների մեջ է նաեւ լրագրող Անի Գեւորգյանը: Վերջինս Լյուդմիլա Սարգսյանին պատմել է, որ քաղաքացիական հագուստով մեկն իրեն հարվածել է եւ խլել իր ձեռքից հեռախոսը: «Այսինքն բռնություն է կիրառվել լրագրողի նկատմամբ»,-ասել է Լյուդմիլա Սարգսյանը:

Այս պահին ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտ հավաքված է 50-ից ավելի մարդ, որոնք սպասում են, թե երբ կլրանա երեք ժամը, որից հետո բերման ենթարկվածներին պետք է ազատ արձակեն, կամ ձերբակալման որոշում կայացնեն:

Այստեղ են ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, Վլադիմիր Կարապետյանը, Վահագն Խաչատրյանը:

Ոստիկանության դիմաց հավաքվածների շարքում կան մարդիկ, որոնք բերման ենթարկելու պահին այնտեղ են եղել, սակայն իրենց բերման չեն ենթարկել: Նրանք NEWS.am-ի թղթակցին պատմեցին, որ իրենք ուղղակի թռուցիկներ բաժանելիս են եղել, երբ քաղաքացիական անձինք սկսել են խոչընդոտել, հրահրել, որից հետո եկել են ոստիկաններն ու իրենց բերման ենթարկել: