Այս պահին ոստիկանության Կենտրոնականի բաժնում են գտնվում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու քարտուղար Արամ Մանուկյանը, որոնք այնտեղ պիտի հանդիպեն ՀԱԿ-ի բերման ենթարկված ակտիվիստների հետ: Նրանց թիվն անցնում է 10-ից:
ՀԱկ-ի ակտիվիստներից Մարիամ Մուրադյանը, ով եւս եղել է թռուցիկ բաժանող խմբի կազմում, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք 2 օր է, փորձում են թռուցիկներ բաժանել, բայց առաջին խոչընդոտը եղավ այսօր: «Թռուցիկ բաժանելիս մեզ մոտեցան քաղաքացիական հագուստով անձինք: Մեկը ներկայացավ որպես Գեւորգ, բայց ես ենթադրում եմ, որ նրանք բոլորը ոստիկանության քրեականի աշխատակիցներ էին: Նրանք հարվածեցին թռուցիկ բաժանողներին, փորձում էին խլել հեռախոսներն ու տեսախցիկները: Դրանից հետո եկան համազգեստավոր ոստիկանները եւ բերման ենթարկեցին ակտիվիստներին: Բերման ենթարկվածներից 6-ը եղել են ՀԱԿ-ի ակտիվիստներից, մեկը՝ ՀԱԿ-ի գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը»,-ասաց նա:
Հարցին, թե ձեր կարծիքով, որն է տեղի ունեցածի պատճառը, արդյոք կատարվածում հատուկ միտում եք տեսնում, նա պատասխանեց. «Մենք ենթադրում ենք, որ ոստիկանները վախենում են մարտի 1-ի մեծ հավաքից: Նրանք չեն ուզում, որ մարդիկ տեղեկանան եւ հանրահավաքն ու երթը բազմամարդ լինեն»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am


























