Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը համաձայնել է կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Այս մասին խորհրդարանի նախագահ Վլադիմիր Ռիբակը հայտարարել է ՆԱՏՕ-ի ԽՎ անդամների հետ հանդիպման ժամանակ:
Ռիբակը հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահն առաջարկել է, որպեսզի վարչապետի պաշտոնը զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը:
Ընդդիմության պահանջը, ըստ որի ողջ կառավարության կազմը պետք է ձեւավորի ընդդիմությունը, Գերագույն Ռադայի նախագահը համարել է «վերջնագիր եւ դիկտատ»:
Ռիբակն ընդգծել է, որ երկրի նախագահը համաձայնել է կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: «Այդպիսի հնարավորություն դեռ կա: Երկիրը չի կարող մնալ առանց կառավարության»,-ասել է նա:
«Կառավարությունը պետք է ապաքաղաքականացված լինի ու առաջին պլան մղի պետությունում առկա միայն տնտեսական խնդիրները,- ընդգծել է խոսնակը:- Այս ուղղությամբ ենք մենք աշխատելու»:
Նշվում է, որ նա կարծիք է հայտնել այն ենթատեքստով, որ ընդդիմության ներկայացուցիչները երկու տարբերակ ունեն. «լինել ընդդիմադիր, վարկանիշ վաստակել ու մասնակցել ընտրություններին» կամ «իրենց լավագույն մասնագետներին ուղղել կառավարություն ու միասին դուրս գալ այսօր ստեղծված իրավիճակից»: « Այս պայմաններում ենք մենք աշխատելու: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի երկիրը գործի, մարդիկ աշխատավարձ, թոշակ ու կրթաթոշակ ստանան: Եւ մենք այդ ամենը կապահովենք»,- ասել է նա, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:
Գերագույն Ռադայի նախագահը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է ընդդիմադիր կուսակցությունների կողմից Սահմանադրության փոփոխության առաջարկված տարբերակներում անհամաձայնությունների մասին:




























