Եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն ու ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը մտահոգություն են հայտնել Ադրբեջանում վերջերս ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենքում ուղղումների վերաբերյալ:
Իրենց հայտարարության մեջ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները նշել են, որ ուղղումները սահմանափակում են անկախ ու քննադատող քաղաքացիական հասարակության գոյության պայմանները, հատկապես մարդու իրավունքների ու ժողովրդավարության բնագավառում:
Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի առաջիկա նախագահությանն ընդառաջ նրանք կոչ են արել իշխանություններին հետեւել միջազգային պարտավորություններին ու Ադրբեջանին վերանայել ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենքը: Մասնավորապես, նրանք կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին բարելավել ու մեղմացնել միջազգային հասարակական կազմակերպությունների գրանցման գործընթացը, ինչպես նաեւ պայմաններ ստեղծել դրանց օրինական գործունեության համար:




























