Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում կայացել է Մեղրաձորի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր նախագծի հասարակական լսումները. նախագիծը ներկայացրել է «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ն, հաղորդում է «ԷկոԼուրը»: Մեղրաձորի գյուղապետ Կառլեն Հովհաննիսյանը նշել է, որ ընկերությունը իրենց նախագծի մասին տեղեկացրել է նախորոք եւ համայնքապետարանում օգոստոսի 26-ից 28-ը անցկացվել է ստորագրահավաք՝ պարզելու համար` կողմ են բնակիչները նոր նախագծին, թե ոչ:
Ըստ Կառլեն Հովհաննիսյանի ներկայացրած ցուցակի՝ բնակիչներից 412 կողմ է: Դեմ է եղել միայն մեկ բնակիչ: Մեղրաձոր համայնքում բնակվում է 2600 բնակիչ: Գյուղապետի խոսքով՝ բնակիչներից շատերը մեկնել են արտագնա աշխատանքների, ինչի պատճառով էլ չեն կարողացել մասնակցել ստորագրահավաքին: Նախօրոք իրենց համաձայնությունը տված բնակիչները չէին եկել հասարակական լսումներին: Ընդհանուր առմամբ լսումներին մասնակցում էր մի քանի բնակիչ:
Նախագծի հեղինակ «Ակունք-ֆիրմա» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը սակավաթիվ մասնակիցներին ներկայացրել է նոր նախագիծը, ըստ որի առաջարկվում է ոսկի կորզել գրավիտացիոն եւ ֆլոտացիոն եղանակով: Տարեկան ոսկի է կորզվելու 120 000 տոննա հանքաքարից: Ոսկու կորզումից առաջացած պոչերը տեղափոխվելու եւ պահեստավորվելու են Մեղրաձորի հանքում` շահագործման ժամանակ գոյացած եւ երկրորդական օգտագործման ոչ ենթակա ստորգետնյա դատարկություններում:
Հիշեցնենք, որ սա Մեղրաձորի ոսկու կորզման ֆաբրիկայի երրորդ նախագիծն է, որը «Մերաձոր Գոլդ» ՍՊԸ-ն ներկայացնում է բնապահպանական փորձաքննության: Առաջին նախագծով ընկերությունը ցանկանում էր ոսկի կորզել ցիանիդի միջոցով, որը հանդիպեց տեղի բնակիչների եւ լայն հասարակայնության դիմադրությանը, եւ բնապահպանության նախարարությունը հետ վերադարձրեց ընկերությանը նախագծային փաստաթղթերը: Երկրորդ նախագծով էլ առաջարկվում էր ոսկի կորզել ոչ պակաս վտանգավոր եւ թունավոր թիոմիզանյութով, որը նույնպես հավանության չի արժանացել:
Լսումների ժամանակ «Մեղրաձոր Գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Մարգարյանը նշել է, որ ընդհանուր աշխատակիցների 80 տոկոսը լինելու են համայնքից եւ բացի աշխատատեղերի տրամադրումից իրենք համայնքի բյուջեին ամեն ամիս տրամադրելու են 4 միլիոն դրամ՝ սոցիալական խնդիրները լուծելու նպատակով:




























