Հայ ազգային կոնգրեսը 6 տարիների ընթացքում իր օրակարգի համար ոչ մի քաղաքական արդյունք չստեղծեց, բացի 2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների եւ զոհերի մասին հիշողությունից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխբախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Ցավում եմ, որ ՀԱԿ կոչվող անհասականալի կուսակցությունը, քաղաքական ուժը, խմբակցությունը՝ չենք հասկանում ինչի մասին է խոսքն այնուհանդերձ մինչեւ վերջ, այս 6 տարիների ընթացքում որեւէ այլ քաղաքական կապիտալ իր համար չի կուտակել, քան այդ ողբալի դեպքերի ընթացքում մահացած մարդկանց արյունն ու հիշատակն է: 6 տարվա ընթացքում որեւէ այլ քաղաքական պրոդուկտ, որեւէ այլ քաղաքական հիմք, հենարան, առիթ չունի, քան այն, ինչ պատահեց մեր երկրում 6 տարի առաջ: Սա քաղաքական սնանկության ամենավառ արտահայտությունն է»,-ասաց Աշոտյանը:
Հիշեցնենք, որ 6 տարի առաջ, 2008-ի մարտի 1-ին, Երեւանում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի ժամանակ զոհվեց 10 մարդ: Ընդդիմությունը չճանաչեց նախագահական ընտրությունների արդյունքները, ՀՀ առաջին նախագահ (ներկայումս ՀԱԿ առաջնորդ) Լեւոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 21-ին շուրջօրյա հանրահավաքներ սկսեց Ազատության հրապարակում, որը տեւեց մինչեւ մարտի 1-ը: Քաղաքում այդ օրերին բազմահազարանոց երթեր էին տեղի ունենում, որոնք պահանջում էին չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները:
Մարտի 1-ի վաղ առավոտյան, երբ դեռ մութ էր, ոստիկանությունն ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, որից հետո հազարավոր մարդիկ սկսեցին հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան մոտ:
Մարտի 1-ի երեկոյան իշխանությունները զենք կիրառեցին խաղաղ ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 մարդ, այդ թվում երկու զինծառայող: Երեւանում 20 օրով արտակարգ դրություն հայտարարվեց, ընդդիմության հարյուրավոր անդամներ ձերբակալվեցին:
Իշխանությունները տեղի ունեցածը զանգվածային անկարգություններ են որակում: Մինչ օրս ոչ ոք պատասխանատվություն չի կրել մարտի 1-ի 10 զոհերի համար:




























