2013 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 35 հազար մարդ, եւս 220 հազարը ստացել է բնակության իրավունք: Այսպիսի տվյալներ է ներկայացրել ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի տեղակալ Ելենա Ռադոչինան՝ «Եդինայա Ռոսիայի» հայրենասիրական պլատֆորմի նիստի ժամանակ:

Նրա խոսքով՝ նախորդ տարի միգրանտներին տրվել է 1,5 մլն աշխատանքի իրավունք: Նման իրավունքներ հատկացնելու արդյունքում Ռուսաստանի բյուջեն ստացել է մոտ 20 մլրդ ռուբլի եկամուտ, նշել է Ռադոչինան, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նա հավելել է, որ այս տարվանից օտարերկրացիները, որոնք դիմել են իրենց ծառայություն, աշխատանքի իրավունք ստանալու համար, պետք է ներկայացնեն բժշկական փաստաթղթեր, որ վտանգավոր հիվանդություններով չեն տառապում:
«2016 թվականից նմանատիպ միջոց կկիրառվի նաեւ նրանց համար, որոնք կդիմեն աշխատանքի իրավունքի համար»,-ասել է Ռադոչինան:

Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության տվյալներով՝ 2013-ին 460 հազար մարդու թույլ չի տրվել մուտք գործել ՌԴ տարածք: