Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի եւ վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հայտարարությունները ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն խոսքերի, թե ինքը պատրաստ է հանդիպել վրաց նախագահին, եթե վերջինս նման ցանկություն հայտնի, համաձայնեցված չեն եղել: Այս մասին փետրվարի 13-ի մամուլի ասուլիսում հայտարարել է փորձագետ Ջոնի Մելիքյանը:

Նա հիշեցրել է, որ Պուտինի հայտարարությունն արվել էր փետրվարի 10-ին՝ Օլիմպիական խաղերի ժամանակ, եւ ի պատասխան՝ Վրաստանի նախագահը նշել էր, թե  իրենք լուրջ կվերլուծեն Պուտինի  այդ արտահայտությունը, խորհրդակցություններ կանցկացնեն եւ կհստակեցնեն իրենց դիրքորոշումը: Իսկ Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպմանը:  Ըստ փորձագետի՝ ռուսական եւ վրացական կողմերը պատրաստ են այդ հանդիպմանը: Ի դեպ,  մարտի սկզբին տեղի կունենա ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի եւ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպումը, որի ժամանակ կքննարկվի երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպման հարցը:  

Խոսելով Վրաստանի նախագահի՝ Թուրքիա եւ Ադրբեջան այցերի մասին՝ Մելիքյանը նշել է, որ վրացական պետության իրական ղեկավարը վարչապետն է, եւ նշանակվելուց հետո նա առաջին հերթին Հայաստան էր այցելել, իսկ հետո արդեն՝ Թուրքիա եւ Ադրբեջան: «Նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի այցը Թուրքիա եւ նրա ներկայիս այցը Բաքու Վրաստանի արտաքին քաղաքականությունը  բալանսի բերելու նպատակ ունի», - հավելել է Մելիքյանը: Միաժամանակ փորձագետն ընդգծել է, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության համատեքստում. հայկական կողմը պետք է  ջանքեր գործադրի՝ Վրաստանի հետ տնտեսական եւ քաղաքական կապերը պահպանելու համար:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am