Մելիք գյուղը դեմ է Թուխմանուկի երրորդ պոչամբարին: Այս մասին, Թուխմանուկի ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի նախագծի մասնագիտական լսումների ժամանակ հայտարարել է Մելիքի գյուղապետ Հակոբ Մկրտչյանը, հաղորդում է «ԷկոԼուրը»: 

ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Գեւորգյանը սկզբում հայտարարել է, որ Թուխմանուկի ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի նախագծին անկախ փորձագետ Ալեքսեյ Թարվերդյանը տվել է դրական եզրակացություն, ինչը դժգոհություն է առաջացրել  լսումներին ներկա հասարակայնության ներկայացուցչիների մեջ:

«Պարոն Թարվերդյան, դուք քանի՞ անգամ եք եղել պոչամբարի տարածքում ու ուսումնասիրել այն, որ տվել եք նման եզրակացություն…»,- նկատել է Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը: «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության  անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանն էլ լսումները որակել է անօրինական եւ լքել սրահը:  «Օրենքն ունի ընթացակարգեր, նախորդը ստացել է բացասական եզրակացություն, ուրեմն վերջ, պետք է ամեն ինչ սկսել նորից, իսկ եթե դուք պնդում եք, որ սա նոր նախագիծ չէ, ուրեմն անիմաստ է սրա քննարկումը, որովհետեւ նախագիծն արդեն ստացել է բացասական եզրակացություն»,-ասել է նա:

Հաջորդը լսումները լքել է անկախ փորձագետ Սեյրան Մինասյանը: «Շրջակա միջավայրի բաղադրիչների` մակերեւութային, ստորերկրյա ջրեր, հող, հատակային նստվածքները, հիդրոմորֆոլոգիան, այդ բաղադրիչների վրա վերլուծություն եւ ազդեցության գնահատում արված չէ…Ո՞նց եք պնդում, ձեր իսկ տվյալներով կա այդ ազդեցությունը»:

«Գյուղացիները պահանջում են, որ լսումներն իրենց մոտ անցկացնեն… նրանք նախագիծը նույնիսկ չեն տեսել»,- ասել է ՀՀ Օրհուս կենտրոնների համակարգող Մարի Չաքրյանը` նշելով, որ հենց գյուղացիներն են ահանզանգել Օրհուս կենտրոն: Իսկ թե ինչու լսումներին ներկա չեն համայնքի ներկայացուցիչները, Աշոտ Պողոսյանը հարցին այսպես է պատասխանել. «Գյուղապետը երեկոյան զանգել եւ ասել է, որ իր ու համայնքի անդամների վրա ճնշում է գործադրվում` խոչընդոտելու ընկերության գործունեությունը: Անուններ տվել է, կնախընտրեմ, որ հարցնեք գյուղապետին»:

Մելիքի գյուղապետ Հակոբ Մկրտչյանը «Էկոլուրի» հետ հեռախոսազրույցում զարմացել է իրեն ուղղված հարցից. « Ինձ ոչ մեկ չի սպառնացել, ես ոչ մեկի չեմ սպառնացել…Միայն իրենց ասել ենք, որ գան, գյուղում անցկացնեն լսումները: Ոչ միայն ես եմ դեմ, այլ բոլորը: Թող գան, ապացուցեն, որ վնաս գյուղին չի հասցվի, կտեսնենք, ինչ եզրակացության կգանք մենք: Բայց իրենք պատճառաբանեցին, որ գյուղում հարմար տեղ չկա լսումներն անցկացնելու համար»: