Ներկայումս «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում  ոչ մի դժգոհություն չի նկատվել, որը կարող էր վերաճել բողոքի ցույցերի, եւ Հայաստանի երկաթուղին աշխատում է բնականոն ռեժիմով: Այս մասին  NEWS.am-ին հայտնել է ՀԿԵ-ի մամուլի քարտուղար Վահե Դավթյանը: 

Ըստ նրա՝ Երեւանում, Վանաձորում եւ Սեւանում արդեն  հանդիպումներ անցկացվել են աշխատակիցների հետ, որոնց շրջանակում  ներկայացվել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի առանձնահատկությունները, եւ ընկերության ղեկավարությունը տվյալ աշխատանքը կշարունակի մինչեւ մարտի 28-ը, երբ Սահմանադրական դատարանը վերջնական վճիռ կկայացնի:

Ի պատասխան այն հարցին, թե կշարունակվեն արդյոք պահումները, նա ընդգծել է. «Անկասկած, պահումները կշարունակվեն: Սակայն մեր մոտեցման առանձնահատկությունն այն է, որ աշխատավարձի այդ պահումները մինչ ՍԴ-ի վերջնական վճիռը կպահվեն ընկերության հաշիվներին, դրանք ոչ մի տեղ չեն փոխանցվի:  Եթե կուտակային կենսաթոշակների վերաբերյալ օրենքի պարտադիր կետը չեղյալ հայտարարվի, այդ փողերը կվերադարձվեն աշխատակիցներին: Իսկ եթե ոչ, ապա ընկերությունը կաշխատի օրենքով սահմանված կարգով»: Դավթյանը նաեւ վստահեցրել է, որ բոլոր աշխատակիցներն աշխատանքի են գալիս, իրավիճակը կայուն է, գործադուլի վտանգ չկա: 

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի վարչական շենքի մոտ տասնյակ աշխատակիցներ էին հավաքվել, որոնք պահանջում էին վերադարձնել հունվար ամսվա  աշխատավարձերի պահումները: Իրենց պահանջները չկատարելու դեպքում ՀԿԵ-ի աշխատակիցները սպառնացել էին գործադուլ անել: 

2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքը: Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը նախքան խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրել էր օրենքի որոշ դրույթներ: Չնայած դրան՝ կան ընկերություններ, որոնք միեւնույն է պահում են կենսաթոշակային կուտակային 5% վճարումները՝ ի հեճուկս աշխատակիցների ցանկությանը: