Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ պետական սահմանի 180կմ երկարության հատվածի շուրջ դեռ համաձայնության չեն եկել: Ադրբեջանա-վրացական սահմանն ընդհանուր առմամբ 480 կմ է, որից 300կմ-ի շուրջ արդեն համաձայնության եկել են, այդ մասին հաղորդել է Ադրբեջանի՝ հողի եւ քարտեզագրության հարցերով պետական կոմիտեի նախագահ Գարիբ Մամեդովը:
Սահմանագծման ու սահմանազատման հարցի չլուծված լինելն անդրադառնում է տարածաշրջանի տեսարժան վայրերից մեկի՝ «Դավիթ Գարեջի» վանական համալիրին: Քարանձավային վանքերի համալիրը Թբիլիսիից 60 կմ հարավ-արեւելք է գտնվում: Գլխավորը Սուրբ Դավիթի մայրավանքն է, որը գտնվում է Վրաստանն ու Ադրբեջանը բաժանող լեռան հյուսիսային լանջին:
Նշենք, որ ադրբեջանական կողմն այս վայրը համարում է ռազմավարական կարեւոր օբյեկտ: Ավելին, Բաքուն համալիրն անվանում է «ալբանական ժառանգություն»:
Հարկ է հիշեցնել, որ այդ կերպ տարիներ շարունակ վրացական կողմը կասկածի տակ է դնում Վրաստանի տարածքում, մասնավորապես Թբիլիսիում գտնվող մի շարք հայկական վանքերի ծագումը:




























