Ուկրաինական «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հույս ունի, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ընդլայնման ու բարեկամության քաղաքականության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից հետո ընդառաջ կգնա ընդդիմության պահաջներին իշխանության վերագործարկման վերաբերյալ:

«Այս շաբաթ բանակցությունները կվերսկսվեն: Պարոն Ֆյուլեն Կիեւում է, զրուցում է նախագահի հետ: Հույս ունենք, որ շփման եզրեր կգտնվեն, նախագահը զիջումների կգնա, հատկապես իշխանության վերագործարկման հարցում»,- ասել է Կլիչկոն: Նա նաու հայտարարել է, որ «ՈւԴԱՌ»-ը կոալիցիոն կառավարության մաս չի կազմելու:

«Մենք չենք ցանկանում, որպեսզի փոխվեն դեմքերը, իսկ համակարգը նույնը մնա: Կերպարները փոխվում են, իսկ խնդիրները, որոնք այսօր առկա են, շարունակում են պահպանվել»,- հայտարարել է Վիտալի Կլիչկոն:

«Մենք խոսում ենք իշխանության վերակազմավորման մասին, որը հնարավոր է 2004թ.-ի Սահմանադրությանն անցնելու դեպքում»,- ասել է նա ու հավելել, որ «ՈւԴԱՌ»-ը պատրաստ է տեխնիկական անցումային կառավարություն ձեւավորել:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Ուկրաինայի նախագահը հանդիպել  է ընդլայնման ու բարեկամության քաղաքականության հարցերով եվրակոմիսար Ֆյուլեի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են, ընդդիմության, իշխանության ու քաղաքացիական հասարակության միջեւ երկխոսության ճանապարհով Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի կարգավորման հարցեր, հաղորդել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, հայտնում է «Cenzor.NET»-ը:

Հաղորդում են, որ Յանուկովիչը «նշել է ԵՄ ու ԵԽ դերը Ուկրաինայում քաղաքակա  ճգնաժամը հաղթահարելու գործում: Ընդգծվել է պետությունում ներքաղաքական գործընթացների օբյեկտիվ ու անկողմնակալ գնահատման կարեւորությունը»:

Նշենք նաեւ, որ փետրվարի 13-ի գիշերը Շտեֆան Ֆյուլեն այցելել է Մայդան ու շփվել ընդդիմության ներկայացուցիչների հետ: