Փետրվարի 12-ին Գյումրիի Գայի փողոցի տներից մեկում մահացած 56-ամյա Ջոն Սահակյանը եւ հիվանդանոց տեղափոխված 60–ամյա Ժասմենա Ներսիսյանը, ըստ նախնական վարկածի, թունավորվել են գազի արտահոսքից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քննիչ Արթուր Նահապետյանը:

«Այս պահին նյութեր են նախապատրաստվում, տարվում է դատաբժշկական փորձաքննություն, որից հետո հստակ պարզ կլինի մահվան պատճառը»,- ասաց քննիչը:

60-ամյա Ժասմենա Ներսիսյանը տեղափոխել է Գյումրու բժշկական համալիր. բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

«Տուժածի կյանքի համար պայքարում են բժիշկները, նա անգիտակից վիճակում է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Սպասում ենք, որ ապաքինվի եւ կարողանա խոսել: Նրա բնակության վայրի ու այլ մանրամասներ իմանալու ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- պատմեց քննիչը։

Ջոն Սահակյանի հարեւանուհին NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մահացածի մասին շատ բան չգիտի։

«Խելոք մարդ էր: Առավոտյան ժամանակ առ ժամանակ Ջոնին տեսնում էի, բայց ում հետ կապրիր ու ինչ կեներ, չիտեմ, կտեսնեի, որ դուրս ու ներս էր անում», -պատմեց հարեւանուհին` Անահիտ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ի ուշ երեկոյան Գյումրու Գայի փողոցի առաջին նրբանցքի 9-րդ տանը հայտնաբերվել էր 1958թ. ծնված Ջոն Սահակյանի դին ու գետնին ընկած մոտ 60–ամյա Ժասմենա Ներսիսյանի մարմինը: