Թաիլանդի իշխանությունները շրջափակումից հանել են Բանգկոկի կենտրոնում գտնվող Կառավարության տունը, որը շուրջ երկու ամիս ընդդիմադիր ցուցարարներով էր շրջապատված:
Ավելի վաղ թաիլանդական Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Փարադոն Փաթանաթաբութը հայտնել էր, որ իշխանությունները մտադիր են վերահսկողության տակ վերցնել Բանգկոկի չորս օբյեկտներ: Կառավարության տնից բացի նշվում էր նաեւ ՆԳՆ կենտրոնական շենքը: Այս նպատակով առավոտյան փողոց էին դուրս բերվել ոստիկանական հատուկ զորքերը:
Կառավարության տան մոտ հավաքված ցուցարարները դիմադրություն ցույց չեն տվել, գործողությունն ավարտվել է առանց տուժածների:
«Պաշտոնյաները Կառավարության տանն աշխատանքը կվերսկսեն արդեն երկուշաբթի՝ փետրվարի 17-ին», - հայտարարել է աշխատանքի նախարար Չալերմ Յուբամրունգը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
Հիշեցնենք, Բանգկոկում հակակառավարական զանգվածային ցույցերը սկսվել էին նախորդ տարվա նոյեմբերից: Դեկտեմբերին ցուցարարներին հաջողվել էր հասնել խորհրդարանը ցրելուն եւ կառավարության հրաժարականին:
Սակայն փետրվարի 2-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում կրկին հաղթել էր իշխող կուսակցությունը՝ վարչապետի պաշտոնակատար Յինգլակ Չինավատի գլխավորությամբ:




























