Վարդանյանների ընտանիքը աղաբլիթի խորհրդին արդեն թերահավատորեն չի մոտենում. ընտանիքի երկու դուստրերն էլ մինչև իրենց ապագա ընտրյալներին հանդիպելը տեսել են նրանց երազում, երբ Սուրբ Սարգսի տոնին աղաբլիթ են կերել:
«Քույրս երազում իր ապագա ամուսնուն էր տեսել: Բայց մինչև տղայի դեմքը տեսնելը, երազում Սուրբ Սարգիսը ձիով մոտեցել էր իրեն ու ոսկե ականջօղեր նվիրել»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Մարիաննան, որի քույրն ամուսնացել է հենց այդ նույն տարի:
16-ամյա Մարիաննան, որը մինչև այդ չի հավատացել, թե հնարավոր է աղի բլիթ ուտել և երազում ապագա ընտրյալին տեսնել, հաջորդ տարի հետևել է քրոջ օրինակին: Պատմում է, որ դրանից առաջ էլ իրեն հարսանիքից բերված կոնֆետ են տվել և վստահեցրել, որ եթե քնելիս դնի բարձի տակ, երազում կտեսնի այն տղային, որի հետ հետո կամուսանա:
«Չէի հավատում, բայց դրեցի ու տեսա կոստյումով մեկին, որի դեմքը չերևաց: Մարմինը տեսնում էի, բայց դեմքը չէ: Հետո այդ տարի աղի բլիթ կերա, նույն շորերով, նույն կառուցվածքով տղային տեսա, բայց այս անգամ դեմքը երևաց»,-պատմեց Մարիաննան: Ուշադրություն չի դարձրել երազին այնքան ժամանակ, մինչև մի օր հանդիպել է նրան։
«Այդ տարի գնացել էինք Ռուսաստան: Գնացինք պապայի ընկերոջ տուն ու նրա տղայի հետ ծանոթացա: Դեմքը ահավոր ծանոթ էր, բայց չէի կարողանում հիշել՝ որտեղ եմ տեսել: Մի օր էլ իրենք ընտանիքով եկան մեր տուն, ինքը հագնված էր այնպես, ինչպես իրեն երազումս տեսել էի»,-պատմեց Մարիաննան:
Աղջկա խոսքով՝ հետզհետե տղայի հետ ավելի է մտերմացել։ Մեկ տարվա ընթացքում աղջկա կյանքում փոփոխություններն այնպես են հաջորդել միմյանց, որ այս տարի Սուրբ Սարգսի տոնն արդեն իր ընտրյալի հետ կնշի:


























