Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության ներկայիս պատգամավոր Սամվել Նիկոյանը կարծում է, որ խորհրդարանական 4 ոչ կոալիցիոն ուժերի համատեղ պահանջը կառավարության հրաժարականի վերաբերյալ կտապալվի:

«Կառավարությունը ձեւավորում է ՀՀ նախագահն ու մեծամասնություն կազմող քաղաքական ուժը: Ինքներդ էլ հասկանում եք, որ միայն այս ուժերը կարող են փոխել կառավարությունը, իսկ նախագահն ու մեծամասնություն կազմող ուժը դա չի պատրաստվում անել»,- այսօր՝ փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սամվել Նիկոյանը:

Խորհրդարանական ոչ կոալիցիոն 4 քաղաքական ուժերը պատրաստվում են առաջիկայում բարձրացնել կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը: Սամվել Նիկոյանը համոզված է, որ սովորական օր է լինելու:

«Ազգային ժողովում քննադատման եւ քննարկման եւս մեկ օր կլինի, իհարկե հայհոյանքներ կլինեն, որոնք միշտ էլ եղել են: Դրանից հետո այն կդրվի քվեարկության, որը չի ընդունվի ու վերջ»,- ասաց ԱԺ նախկին նախագահը:

Նրա խոսքով՝ ընդդիմության առաքելությունն է կառավարության հրաժարականը պահանջելը: «Ընդդիմադիր քաղաքական ուժ է, բա իր գործի անունն ի՞նչ է: Պահանջ ներկայացնել կառավարության հրաժարականի մասին»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Աժ ոչ կոալիցիոն 4 ուժերը ցանկանում են ԱԺ-ում բարձրացնել կառավարության հրաժարականի հարցը: Նրանք պատրաստվում են ներկայացնել վարչապետի ընդհանուր թեկնածու:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am