Ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները փետրվարի 12-ին, ժամը 20.20-ին, Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Անդրանիկ Խ.-ին: Նա խոստովանել է, որ փետրվարի 5-ից 12-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում, տարբեր երթուղայինների սրահներում, կատարել է 5 գողություն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողներից մեկը 1966 թ. ծնված Գյուլնարա Մ.-ն է, որը հրավիրվել է բաժին եւ հաղորդում տվել, որ Անդրանիկ Խ.-ն թիվ 58 երթուղային ավտոբուսի սրահում գողացել է իր դրամապանակը:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:


























