Շինարարների 15 հասցեում գտնվող վթարային շենքը սնուցող գազի խողովակը փետրվարի 14-ին ամբողջովին ապամոնտաժվել է:  Այս մասին NEWS.am-ին ահազանգեց շենքի բնակիչ Արման Խաչատրյանը:

«ժամը 12-ին 6 հոգով եկան գազի վարչության մեքենայով, ասացին, որ քաղաքապետարանից  շենքի գազի խողովակներն ապամոնտաժելու հրահանգ են ստացել, չնայած մեզ մի քանի օր առաջ տեղյակ էին պահել, որ գազ էլ չի լինելու: Մոտ 100 մետր գազի խողովակն ամբողջությամբ հանեցին: Ասացին, որ գազի տեսուչները հետո կգան նաեւ ապամոնտաժելու գազի ցուցիչները: Մենք էլ ստիպված մնացել ենք հոսանքի հույսին»,- ասաց շենքի բնակիչը, որը երեք անչափահաս երեխաների հայր է ու իր խնամքի տակ ունի նաեւ հաշմանդամություն ունեցող ծնողներ:

Ի դեպ, փետրվարի 3-ին քաղաքապետարանի ցուցումով ապամոնտաժվել էր նաեւ շենքը սնուցող ջրագիծը, ավելի ուշ՝ փետրվարի 7-ին, քաղաքապետարանի ցուցումով անջատել էին նաեւ շենքի էլեկտրականությունը, սակայն NEWS.am-ի անդրադարձից հետո, մի քանի ժամ անց վերականգնել էին էլեկտրամատակարարումը։  

«Փետրվարի 3-ից մնացել ենք առանց ջուր: Ջուրը շշերով ենք բերում: Քաղաքապետարանից ոչ մի արձագանք չկա: Ոչ մեկ չի գալիս, չի հետաքրքրվում: Ես գտնում եմ, որ խախտվում են իմ եւ իմ երեխաների իրավունքները»,-ասաց շենքի բնակիչը:

Հիշեցնենք, որ Շինարարների 15 հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչների հիմնական մասը տեղափոխվել է Սիսակյան 22 հասցեում գտնվող նորակառույց շենք: Վթարային շենքում այս պահին ապրում է չորս ընտանիք, որոնց չեն բավարարում նորակառույց շենքում իրենց առաջարկված պայմանները: Քաղաքապետարանը, հղում անելով օրենքին, ըստ որի վթարային շենքերի բնակիչներին բարելավում չի հասնում, բնակիչներին զրկելով կոմունալ առայություններից, նրանց ստիպում է տեղափոխվել նոր բնակարաններ: