Փետրվարի 18-ը հարկավոր է հռչակել Ազատության օր, փետրվարի 14-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար, խորհրդային ժամանակների այլախոհ Պարույր Հայրիկյանը:

Հայրիկյանի խոսքով՝ 1921թ. փետրվարի 18-ին «հայերն ապստամբեցին կոմունիստական բռնապետության դեմ եւ ազատագրեցին Երեւանը»:

Ըստ Հայրիկյանի՝ թեեւ բոլշեւիկյան պատմաբաններն այդ ապստամբությունը դաշնակների արկածախնդրություն էին անվանել, «պատմական փաստ է, որ հիմնական ընդդիմադիր դաշնակները այն անհույս էին համարում, եւ դա  ժողովրդական ապստամբություն էր՝ առաջին հաղթական ապստամբությունը բոլշեւիկների դեմ»: «Թեեւ այդ հաջողությունը կարճատեւ էր, հնարավոր չէ գերագնահատել դրա պատմական եւ բարոյական նշանակությունը: Կարճ ժամանակով բոլշեւիկները դադարեցրել էին բռնությունները, եւ հայ ժողովուրդն ապացուցել էր, որ իր համար ազատությունը բացարձակ արժեք է», - հավելել է Պարույր Հայրիկյանը:

Նրա կողմնակիցները փետրվարի 18-ին մտադիր են նշել Հայերի ազատության օրը: Նա ընդգծել է, որ ակցիայի նպատակն է  (առավոտյան ավտոերթ, հանրահավաք Ազատության հրապարակում եւ երթ Երեւանի կենտրոնով) հարգել ազատատենչ նախնիների հիշատակը, նշել ազատության օրը եւ քննարկել Հայաստանի քաղաքացիների համար կարեւոր հարցեր:

Իր հերթին ՀՀ Կոմկուսի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով Պարույր Հայրիկյանի՝  փետրվարի 18-ը Ազատության օր հռչակելու նախաձեռնությունը, հայտարարել է, որ «պատմությունն իր խոսքն ասել է 1921թ. փետրվարի 18-ի իրադարձությունների մասին, իսկ Պարույր Հայրիկյանը փորձում է անհեթեթ հայտարարություններով խեղաթյուրել պատմությունը»: Խորհրդային պատմագրությունն այդ օրվա իրադարձությունները բնորոշում է որպես դաշնակների՝ բացասական հետեւանքների հանգեցրած  հակախորհրդային ընդվզում:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am