Հայաստանի սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի նախասրահում փետրվարի 14-ին Տեառնընդառաջ եւ Սուրբ Սարգիս զորավարին նվիրված եկեղեցական տոների առթիվ տեղի է ունեցել «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որին մասնակցում էր շուրջ 30 սիրիահայ ձեռներեց: Ցուցահանդեսին ներկայացված էին սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, զարդեր, հրուշակեղեն եւ այլն:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախարար Հրանուշ Հակոբյանը շրջել է ցուցասրահում, ծանոթացել սիրիահայերի աշխատանքներին: Նախարարը այս նախաձեռնությունը համարել է սիրիահայերի ինտեգրման կարեւոր քայլ եւ նշել է, որ տոնավաճառի շնորհիվ նրանք ոչ միայն իրենց աշխատանքները ցուցադրելու, այլեւ գումար վաստակելու հնարավորություն կունենան:

Տոնավաճառի մասնակից սիրիահայերի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն` ցուցահանդես-տոնավաճառից ստացված հասույթի մի մասը փոխանցվելու է «Նոր Հալեպ» բնակարանաշինության ծրագրի ֆոնդին:

Սիրիահայերի աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառը շարունակվելու է նաեւ փետրվարի 15-ին Սիրահարների այգում: