Արագածոտնի մարզի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Պարգեւ Համբարձումյանը կալանավորված է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը:

Նա նշեց, որ Պարգեւ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը): Այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Գործի մասին այլ մանրամասներ չհաղորդեցին: