Հայաստանը մեծապես կարեւորում է բարեկամ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը, ինչը մեր երկրի առաջնայնություններից է: Ուրախ ենք, որ մեր երկու երկրների միջեւ ձեւավորվել են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, Երեւանում, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների (Ճոու Լիի գլխավորությամբ) հետ հանդիպման ժամանակ նշել է
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարը կարեւորել է տնտեսական կապերի զարգացումը եւ նշել, որ դրանց ընդլայնման համար առկա է մեծ ներուժ: Այդ համատեքստում, վարչապետը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է մեծապես ավելացնել Հայաստանից կոնյակի, գյուղմթերքի եւ ծխախոտային ապրանքների արտահանման ծավալները Չինաստան:
Ճոու Լին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ Տիգրան Սարգսյանին փոխանցել Չինաստանի վարչապետ Լի Կեցիանի ջերմ ողջույնները: «Դուք մեծ ջանքեր եք գործադրում հայ-չինական հարաբերությունների զարգացման համար եւ Չինաստանը դա բարձր է գնահատում: Հայաստանը մեր երկրի ամենավստահելի գործընկերներից մեկն է, եւ մենք մեծապես կարեւորում ենք երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը»,- դիմելով վարչապետին՝ նշել է Ճոու Լին:
Տիգրան Սարգսյանը եւ Ճոու Լին կարեւորել են նաեւ չինական ավիաընկերությունների ներգրավումը հայկական շուկա, ինչը նոր թափ կհաղորդի նաեւ զբոսաշրջության զարգացմանը: Այդ առումով, կողմերը անհրաժեշտ են համարել վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, կրթության եւ այլ բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը, ինչպես նաեւ ռազմավարական նշանակություն ունեցող այլ ծրագրերի իրականացման ուղղությամբ համագործակցությանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը՝ մեր երկրին ցուցաբերվող օժանդակության, մասնավորապես, Երեւանի ավտոբուսների եւ շտապ օգնության ավտոպարկերը համալրելու, ինչպես նաեւ հարյուր միլիոն յուանի (շուրջ 16 միլիոնի դոլար) անհատույց ֆինանսական օգնություն տրամադրելու համար: Այդ մասին չինական կողմը հայտարարել էր վարչապետ Սարգսյանի` նախորդ տարվա սեպտեմբերին Չինաստան կատարած այցի ժամանակ:






























