Չինաստանի Սինցզյան Ույղուրական ինքնավար շրջանում, այսօր՝ փետրվարի 14-ին, 11 գորհայիններ են սպանվել, որոնք փորձել են ահաբեկչություն կազմակերպել ոստիկանների դեմ՝ պայթեցնելով ականապատված մեքենան: Որպես պայթուցիկ չարագործները նախատեսում էին պրոպանով բալոններ օգտագործել, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Պաշտոնական տվյալներով՝ ոստիկանները կրակ են բացել մոտեցող մեքենայի ուղղությամբ՝ սպանելով 8 մարդու: Իշխանությունների տվյալներով, եւս երեք գրոհային սպանվել է սեփական մեքենայի պայթյունի հետեւանքով: Թե քանի գրոհային է մասնակցել հարձակմանը, չի հաղորդվում:
Նշենք, որ Սինցզյան Ույղուրական ինքնավար շրջանը բնակեցված է մահմեդական ույղուրներով, որոնք բողոքում են կենտրոնական իշխանությունների կողմից իրենց իրավունքները ոտնահարելու եւ իրենց տարածքը չինացիներով բնակեցնելու դեմ:
Ույղուրական ազգային շարժման ակտիվիստները իրենց պայքարի ընթացքում դիմում են նաեւ ահաբեկչությունների:

























