Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ փետրվարի 14-ին, ընդունել է Հայաստանում Չեխիայում դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային եւ քննարկել Հայաստանի եւ Չեխիայի միջեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության զարգացման հարցեր:

ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ Արմավիրի եւ Վայոց ձորի մարզպետներ Աշոտ Ղահրամանյանն ու Էդգար Ղազարյանը:

Հանդիպմանը նշվել է, որ երկու երկրները կարեւորում են այս ձեւաչափով փոխգործակցության խորացումը:  ՀՀ նախագահի` վերջերս Չեխիա կատարած այցի շրջանակում ստորագրվել են  նաեւ գործընկեր տարածաշրջանների միջեւ համագործակցության համաձայնագրեր, որոնք, ըստ զրուցակիցների, լավ հիմք են ստեղծում ապակենտրոնացված փոխգործակցության հետագա խորացման համար:

Փոխվարչապետը դրական է գնահատել Արմավիրի եւ Վայոց ձորի մարզերի համագործակցությունը Չեխիայի գործընկեր տարածաշրջանների հետ` նկատելով, որ միջտարածաշրջանային եւ միջհամայնքային կապերը նպաստում են ինչպես երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ բարեկամ ժողովուրդների միջեւ շփումների ակտիվացմանը: Մարզպետները ներկայացրել են գործընկեր տարածաշրջանների հետ համագործակցության խորացման հնարավորություններն ու առաջիկա ծրագրերը:

Չեխ դիվանագետը նաեւ տեղեկացրել է, որ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում նախաձեռնվել է տեղական ինքնակառավարման եւ  տարածքային կառավարման հարցերին վերաբերող սեմինարների շարք, որոնցից հերթականը մայիսին նախատեսվում է անցկացնել Երեւանում: Դիվանագետը նշեց, որ պատրաստ են նաեւ հաշվի առնել հայկական կողմի առաջարկները` քննարկվելիք թեմաների վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Տարածքային կառավարման նախարարությունն այդ հարցում կաջակցի կազմակերպիչներին: