Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը ներողություն է խնդրել երկրի բնակչությունից այն բանի համար, որ իր կառավարությունը չի նախազգուշացրել ջրհեղեղների մասին, ինչպես նաեւ չի կարողացել հաղթահարել դրա հետեւանքները:

«Ես շատ եմ ցավում, որ մեր ջանքերը հավարար չեն եղել եւ չեն պակասեցրել շատ մարդկանց տառապանքները»,-հայտարարել է Քեմերոնը ջրհեղեղներից՝ տուժած շրջաններ այցելության ժամանակ: «Մենք բոլորս էլ սխալվում ենք եւ դասեր քաղում այդ սխալներից»,-խոստովանել է վարչապետը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Դեւիդ Քեմերոնը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պահպանության նախարարը խիստ քննադատության էին ենթարկվել տեղի հասարակության եւ լրատվամիջոցների կողմից՝ աղետի հենց սկզբում բնակչության պաշտպանությանն ուղղված ոչ բավարար ջանքերի համար: Վարչապետը դրան արձագանքելն է՝ նշելով, որ այն ժամանակ ոչ ոք չէր կարող կանխատեսել աղետի ներկա մասշտաբները, միաժամանակ խոստովանել է, որ կառավարությունը կարող էր ավելին անել:

Հիշեցնենք, որ ներկայումս Միացյալ Թագավորության ավելի քան 400 շրջաններում ջրհեղեղի վտանգի մասին հայտարարություն է արվել: Առավել ծանր է վիճակը Անգլիայի հարավ-արեւմուտքում եւ Ուելսում, որտեղ տասնյակ հազարավոր քմ տարածքներ արդեն ամսից ավելի մնում են ջրի տակ: Ընդ որում, տեղումները առաջիկա 5-6 օրերին չեն պակասելու: