ԵՄ-ի «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը իր էվոլյուցիայի գործընթացում պետք է փոխվի եւ ավելի շատ հաշվի առնի ծրագրի առանձին անդամ երկրների կարիքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը՝ հավելելով, որ այդ դեպքում ԵՄ-ն կկարողանա դիվերսիֆիկացված առաջարկներ անել ծրագրի անդամ երկրներին:

Դեսպանը նշել է, որ ներկայումս շատ քննարկումներ են ընթանում Հայաստանի եւ ԵՄ տարբեր երկրների կառավարությունների միջեւ:

Հարցին՝ ինչպիսին է ինքը տեսնում «Արեւելյան գործընկերություն» ծրագրի ապագան, բրիտանացի դիվանագետը պատասխանել է, որ իրականում շատ լուրջ գործընթաց է ընթանում ԵՄ անդամ բոլոր երկրների միջեւ, թե ինչպիսի տեսք կունենա «Արեւելյան գործընկերությունն» ապագայում: «Այդ քննարկումների ժամանակ տեսակետներ են հնչում, որ ներկայումս այդ ծրագրի ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու համար մենք մանրամասն եւ կենդանի քննարկումների կարիք ունենք»,-ասել է Էյվսը:

Հիշեցնենք, որ 2013-ի սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը, որի հետեւանքով անհնար դարձավ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

Ուկրաինան, որն արդեն նախաստորագրել էր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, չստորագրեց այն. այդ երկրի կառավարությունը դադարեցրեց այդ համաձայնագրի ստորագրման նախապատրաստման գործընթացը, նշելով, որ այն կստորագրվի ավելի ուշ: ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր նախաստորագրել են նաեւ Վրաստանն ու Մոլդովան: