Սուրբ Սարգսի տոնի նախօրեին Երեւանի քաղաքապետարանը հերթական անակնկալն էր պատրաստել մայրաքաղաքի երիտասարդության համար: Կարապի լճի հարակից տարածքը զարդարվել էր սիրո խորհրդանիշ գեղեցիկ սրտերով:

Հայ Առաքելական եկեղեցու Սրբերից Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի եւ  նրա հավատարիմ 14 զինվորների տոնը  տարեցտարի ավելի ու ավելի է արժեվորվում ու երիտասարդության շրջանում վերածվում իսկական տոնախմբության:

Եվ քանի որ գեղեցիկ այս տոնի նախորդ երեկոյան, համաձայն ժողովրդական սովորության, երիտասարդները նաեւ աղի բլիթ են ուտում, որպեսզի սրբի բարեխոսությամբ երազում տեսնեն իրենց ջուր տվող կյանքի ապագա ընկերոջը,  երիտասարդ տղաներն ու աղջիկները, շնորհավորելով տոնի կապակցությամբ, զբոսնող երիտասարդներին աղի բլիթներ են բաժանել:

Երիտասարդները նաեւ հնարավորություն են ունեցել գրի առնելու իրենց սիրո խոստովանություններն ու դրանք զետեղելու տեղակայված սրտերում: Սիրո լավագույն խոստովանության հեղինակը Երեւանի քաղաքապետարանի կողմից կարժանանա խրախուսանքի: