Հայաստանի եւ Չինաստանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն համատեղ ջանքերով տարբեր ոլորտներում հայ-չինական համագործակցությունը տարեցտարի ընդլայնվում եւ ամրապնդվում է։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմկուսի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Չինական պատվիրակությունը գլխավորել է Չինաստանի կոմկուսի Կենտկոմի միջազգային բաժնի վարիչի տեղակալ Չժոու Լին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Չինաստանի Կոմկուսի պատվիրակության ղեկավարը Էդվարդ Նալբանդյանին փոխանցել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի ողջյուններն ու բարեմաղթանքները եւ ընդգծել, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության պատվիրակության այցելության նպատակն է առավել խորացնել միջպետական եւ միջկուսակցական ակտիվ փոխգործակցությունը։
Էդվարդ Նալբանդյանն ու Չժոու Լին նշել են, որ երկու երկրների դիրքորոշումները համընկնում կամ մոտ են միջազգային խնդիրների մեծամասնության շուրջ եւ դրան նպաստում է ակտիվ բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը։ Չժոու Լին ընդգծլ էց, որ Չինաստանը բարձր է գնահատում Հայաստանի ավանդական` «Մեկ Չինաստանի» վերաբերյալ դիրքորոշումը:
Նախարար Նալբանդանը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ Այդ համատեքստում Չժոու Լին ընդծել է, որ Չինաստանը աջակցում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերին։
Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Չինաստանի միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, ապակենտրոնացված փոխգործակցության, առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման, գիտակրթական եւ մշակութային կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
Նախարար Նալբանդյանը երախտագիտությամբ հիշատակել է Հայաստանին անկախությունից ի վեր Չինաստանի կողմից ցուցաբերվող տեխնիկական աջակցությունը։
Կրթական փոխգործակցության ընդլայման համատեքստում կարեւորվել է Հայաստանի եւ Չինաստանի նախագահների պայմանավորվածության համաձայն Երեւանում չինական դպրոցի հիմնադրումը, ինչպես նաեւ Չինաստանի եւ Հայաստանի ԲՈւՀ-երում միմյանց ուսանողների ուսուցումը։ Հատուկ ընդգծվել է Կոնֆուցիոսի ինստիտուտի արդյունավետ գործունեությունը Հայաստանում։
Էդվարդ Նալբանդյանը խնդրել է իր բարեմաղթանքները փոխացնել չինացի գործընկերոջը՝ նախարար Վան Յիին։


























