Թուրքիայի խորհրդարանում իշխող կուսակցության եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել, որի հետեւանքով պատգամավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում ամբիոնին մոտեցած ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը խիստ քննադատության է ենթարկել իշխանություններին «Մեծ կաշառք»-ի հետ կապված եւ իրեն հատկացված ժամանակը լրանալուց հետո ի նշան բողոքի հրաժարվել է լքել ամբիոնը։
Այդ ընթացքում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Բայրամ Օզչելիքը մոտեցել է Թեզջանին եւ բռունցքով հարվածել, որից հետո ամբիոնի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ։
Ծեծկռտուքի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել 3 պատգամավոր, որոնցից ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորը Ալի Իհսան Քյոքթուրքը քթի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

























