Ալմա-Աթայում թենգեի արժեզրկման հետ չհամաձայնողների հանրահավաքը փետրվարի 15-ին ավարտվել է առավել ակտիվ մասնակիցների ձերբակալությամբ: Ձերբակալվածների թիվը ոստիկանները դեռ չեն հաղորդում, սակայն նշում են, որ նրանց հանդեպ վարչական գործեր կհարուցվեն, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Այս պահին Հանրապետության հրապարակից շրջափակումը մասամբ հանվել է, տրանսպորտի շարժումը վերականգնվել է: Հրապարակում մի քանի մարդ է մնացել, հիմնականում լրագրողներ ու պատահական անցորդներ, ովքեր հայտնվել են իրադարձությունների կիզակետում:

Հանրապետության պալատի առաջ սկզբնապես հավաքվել էր 50 մարդ, ովքեր իրենց դժգոհությունն էին հայտնում սոցիալական խնդիրների սրացման վերաբերյալ, որոնք պայմանավորված են թենգեի արժեզրկմամբ: Պալատի առջեւի հրապարակը փակել էին մետաղական ցանկապատով, շրջափակել ոստիկանական ջոկատներով: Ցուցարարները փորձել են հաղթահարել ցանկապատները, սակայն ոստիկանությունը ձերբակալել է նրանց:

Հանրապետության հրապարակում ակիմաթի շենքի առաջ ցուցարարներին դիմավորել են ոստիկանական ջոկատները: Ցուցարարների մեծամասնությունը ձերբակալված է: Մնացողներին արգելափակել են «Խաբար» պետական հեռուստաալիքի շենքի մոտ: Դատախազության ներկայացուցիչը, բացատրելով նրանց բողոքի ակցիայի արտոնագրված չլինելու փաստը, կոչ է արել ցրվել: