«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր՝ փետրվարի 15-ին, ընթանում է 7-րդ համագումարի առաջին նիստը, որը դռնփակ է։ ԲՀԿ գրասենյակ են ժամանել նախկին նախարարներ Հարություն Քուշկյանը, Վարդան Վարդանյանը, պատգամավորներ, ԲՀԿ անդամներ։
Հայտարարված ժամից` 12.45 –ից, մոտ 15 րոպե ուշացումով, լրագրողներին թույլատրեցին մտնել կուսակցության կենտրոնական գրասենյակ։ Առաջին հարկում, որտեղ նախապես հայտարարվածի համաձայն, պետք է գործի մամուլի կենտրոնը, դրված է մի ամբիոն՝ բանախոսի համար։ Առաջին հարկում լրագրողների հյուրասիրության համար գցված են ֆուրշեթի սեղաններ, սակայն մամուլի կենտրոնում չկան աթոռներ։ Լրագրողները ստիպված են տեւական ժամանակ անցկացնել ոտքի վրա՝ սպասելով ԲՀԿ ղեկավար կազմի ճեպազրույցին։ Խնդրանքներից հետո միայն մի քանի աթոռ տրամադրեցին լրագրողներին։

























