Ճավա կղզում նախօրեին Կելուդ հրաբխի ժայթքման հետեւանքով փակված երեք օդանավակայանները վերսկսել են աշխատանքը, փոխանցում է BBC-ն։

Քաղավիացիայից շաբաթ օրը հայտնել են, որ Մալանգում, Սեմարանգում եւ Սիլակապեում  օդանավակայանները վերսկսել են աշխատանքը։ Այս պահին հրաբուխը դադարեցրել  է մոխրի արտաժայթքումները։ Շատ բնակիչներ շարունակում են մնալ փախստականների համար նախատեսված կենտրոններում։ Խառնարանից տասը կմ շառավղով տարածքը փակ է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

1731մ բարձրությամբ Կելուդ հրաբուխը գտնվում է  Ճավա կղզում՝ մայրաքաղաք Ջակարտայից 620 կմ հեռավորության վրա։ Այն Ինդոնեզիայի ամենաակտիվ հրաբուխներից է։ 1919թ. դրա ժայթքման հետեւանքով հարյուրավոր գյուղեր վերացել էին երկրի երեսից, ավելի քան հինգ հազար մարդ զոհվել էր։