Կիպրոսի կառավարությունը որոշել է  կրճատել դպրոցական ավտոբուսների ուղեվարձը՝ ձգտելով վերջ դնել բարձրդասարանցիների, նրանց ծնողների եւ ուսուցիչների բողոքի ցույցերին։  Վերջիններս պահանջում են ընդահանրապես հրաժարվել  ուղեվարձի գաղափարից, որը ներառված է հակաճգնաժամային օգնության հատկացման հուշագրի պայմաններում։

Ամսական 15 եվրոյի չափով ուղեվարձի մասին դրույթը Կիպրոսում առաջին անգամ հնչեցվել էր 2012թ., սակայն հանրության կտրուկ դիմակայության պատճառով այն ուժի մեջ էր մտել այս տարվա հունվարին միայն, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Դպրոցականների, նրանց ծնողների եւ ուսուցիչների բուռն բողոքի ցույցերից հետո տրանսպորտի նախարար Տասոս Միցոպուլոսը ուրբաթ օրը հայտարարել է, որ որոշվել է ուղեվարձը ամսական 15 եվրոյից հասցնել  10-ի։ Միցոպուոսը նաեւ հավելել է, որ փոխադրումները նախկինի պես անվճար կլինեն ցածր դասարանների եւ բազմազավակ ընտանիքների երեխաների համար։