Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել դատավորների եւ դատախազների նշանակման հարցում արդարադատության նախարարության լիազորությունների ընդլայնման մասին օրինագծին, շաբաթ օրը հայտնում է EFE գործակալությունը։
Նման բարեփոխման նախաձեռնությամբ հանդես էր եկել երկրի կառավարությունը։ Ընդդիմությունը խիստ քննադատել էր օրինագիծը։ Արդյունքում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնել էր «սառեցնել» օրինագծի որոշ կետեր։
Միաժամանակ նա նախազգուշացրել էր, որ անհրաժեշտության դեպքում այդ դրույթները կարող են ապագայում քվեարկության դրվել խորհրդարանում: Պատգամավորների կողմից ընդունված օրինագիծն ուժի մեջ կմտնի Ռ. Թ. Էրդողանի ստորագրելուց հետո, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Բարեփոխումը Թուրքիայում դեկտեմբերին բռնկված կոռուպցիոն սկանդալի հետեւանքն է: Այն ժամանակ թուրքական ոստիկանության ստուգումների արդյունքում ձերբակալվել էին տասնյակ մարդիկ, այդ թվում՝ այժմ արդեն նախկին նախարարների եւ խոշոր ձեռնարկատերերի որդիներին, որոնք կասկածվում էին կաշառակերության մեջ:

























