ԱԺ 4 ոչ կոալիցիոն ուժերի միջեւ կառավարությանը անվստահության հայտնելու հարցով  հակասություն չկա։ Այժմ համատեղ տեքստի վրա ենք աշխատում, տեխնիկական եւ մարտավարական հարցեր ենք քննարկում։ Այս մասին այսօր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 7-րդ համագումարից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն ունի վարչապետի իր թեկնածուն, Նաիրա Զոհրաբյանը կարճ պատասխանեց. «Մենք ունենք հստակ մշակված քայլերի հաջորդականություն, վստահ եղեք, գիտենք՝ որն է լինելու մեր հաջորդ քայլը»։

Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն ասաց, որ իրենց օրակարգում կառավարության հրաժարականի խնդիրն է եւ այդ հարցով չորս քաղաքական ուժերը կարողանում են գալ համախմբման։ «Այն խնդիրները, որոնք ենթադրում են լուծումներ, կառավարության շրջանակի լուծման մեջ է, օրինակ՝ կուտակային, գազ, արտագաղթ, այս բոլորը վերաբերում է կառավարության աշխատանքին»։

Հարցին, թե ինչու չեն պահանջում նախագահի հրաժարականը, Վարդան Օսկանյանն այսպես պատասխանեց.  «Սա խորհրդարական գործընթաց է, մենք ուզում ենք այդ ձեւի մեջ մնալ։ Ոչինչ չենք բացառում, գիտենք երկրի իրավիճակի գլխավոր պատասխանտուները ովքեր են եւ այդ բոլորը լավ ենք հասկանում»։ Նախագահի հրաժարականը պահանջելու հարցին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսպես պատասխանեց. «Վստահ եղեք, որ չկա որեւէ հարց, որը քննարկելի չլինի 4 խորհրդարանական ուժերի համար, տաբու հարցեր չկան։ Հայաստանում չկա մի պաշտոնյա, ով մտածի, որ ժառանգաբար է ստացել պաշտոնը»։