Հայաստանում երկար տարիներ շարունակ խախտվում են մարդու իրավունքները:
Այդ մասին փետրվարի 15-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ընդդեմ իրավական ամենաթողության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Նա նշել է, որ խախտվում են սեփականության իրավունքը, որը ներառում է նաեւ ժառանգության իրավունք: «Ժառանգության ստացման գործընթացին մի շարք կառույցներ են մասնակցու, այդ թվում նաեւ նոտարական գրասենյակը: Եթե մարդը չգիտի իր իրավունքները, հաճախ նոտարների կողմից իրենց պարտավորությունների սխալ կատարման զոհ է դառնում»,- հավելել է Լարիսա Ալավերդյանն ու ընդգծել, որ իր գլխավորած ՀԿ դիմել են մարդիկ, որոնց Նոտարական գրասենյակում ասել են գալ 6 ամսից, այն ժամանակ, երբ հայտնի է, որ ժառանգությունը կարող է տրամադրվել կտակի բացման օրից վեց ամսվա ընթացքում:
Մարդու իրավունքների խախտման մեկ այլ օրինակ նախկին Օմբուդսմենը համարել է Ադրբեջանից եկած փախստականների հետ կապված իրադրությունը: Նրա խոսքով՝ 25 տարի անց հիմնական խնդիր է համարվում այն, որ փախստականներն անգամ ցուցակներում գրանցված չեն: «Իմ պատգամավորության 5 տարվա ընթացքում ոչ մի անգամ միջոց չի տրամադրվել փախստականներին բնակարաններով ապահովելու համար՝ վկայակոչելով բյուջեում միջացների բացակայությունը»,- նշել է նա:
Ալավերդյանն անդրադարձել է նաեւ ալիմենտների վճարման խնդրին: «Ամուսնալուծությունից հետո տղամարդիկ հաճախ դիմում են իրենց ղեկավարներին, վերջիններս տեղեկանք են տրամադրում ավելի քիչ աշխատավարձի մասին: Չեմ խոսում հարցի բարոյական կողմի մասին, այլ ցանկանում եմ նշել դրա դեմ պայքարի բացակայության մասին: Նման փոքր երկրում դժվար չէ իմանալ աշխատավարձի իրական չափը»,- հավելել է նա:
«Ընդդեմ իրավական ամենաթողության» հասարակական կազմակերպության տնօրենը թվել է որոշ խնդիրներ, որոնք առկա են Հայաստանի աշխատանքի ոլորտում. «Հիմնականում աշխատանքի են ընդունում 45-ից ցածր մարդկանց: Չի վճարվում հավելյալ աշխատանքը»:

























