ՀՀ բոլոր նախագահներն էլ՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, երկրապահներ են եղել, բռնած շարքայինից՝ դարձել են նախագահ, հո նախագահ չե՞ն ծնվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, ԵԿՄ 10-րդ հոբելյանական համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:

Նա մեկնաբանել է, թե ինչու է Սերժ Սարգսյանին դիմելով՝ ասել «վերջին բոլշեւիկ»: «Այսինքն՝ մեզնից մեկը, որ հիմի նախագահ ա: Էտի ասացվածք ա, էլի: Չե՞ս լսել էն կինոյի մեջ, որ ասում ա «վերջին բոլշեւիկներն են»: «Նովիե արմիաններ» կան, թազա սերնդափոխություն են: Ես այդպես եմ պատկերացնում, դրա համար եմ ասում»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի գնահատականին՝ ազատամարտիկներին նվնվացող ասելու մասով՝ Մանվել Գրիգորյանն ասաց, որ չի կիսում ազատամարտիկին վատ գնահատական տալը, բայց նվնվալը վատ բան է: Նա շեշտեց, որ հայ ժողովուրդը չի կարող նվնվան լինի, մենք ցեղասպանություն ենք տարել, բայց չենք խղճացել: Մանվել Գրիգորյանի փոխանցմամբ՝ մենք այսօր ունենք առաջնահերթ խնդիրներ, սոցիալական հարցեր, պետության սահմանների պաշտպանության, իսկ ազատամարտիկը, զինվորը պետք է մնա զինվոր, եւ կապ չունի, թե նախագահը ով է: Իր օրինակով ասաց, որ երեք նախագահների ժամանակ էլ ծառայել է, կատարել է բոլորի հրամաններն անխտիր: «Ճիշտ է, նեղված են, իրավունք ունեն ասելու, ոչ ոք իրենց իրավունքներից զրկելու իրավունք չունի, բայց հելնենք ասենք հեղափոխությո՞ւն ենք անում: Այդ նույն մարդիկ իրենք էլ են երեք նախագահներին ծառայել, այդպես չի լինի՝ այսօր ծառայես, վաղը հայհոյես»,-ասաց Մանվել Գրիգորյանը: