Կիեւի Անկախության մայդանում խաղաղ ցույցի մասնակիցները երեքշաբթի պիկետավորելու են Գերագույն Ռադայի շենքի մոտ: Այդ մասին հայտարարել է «Բատկովշինա» կուսակցության պատգամավոր Ստեպան Կուբիվը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

«Հիմնական հաղորդագրությունը խաղաղ գործողությունների անցնելու խորհուրդն է Գերագույն Ռադային, որպեսզի օգնեն ժողովրդական ընտրյալներին ճիշտ որոշումներ կայացնել՝ վերադառնալ 2004թ.-ի Սահմանադրությանը»,- ասել է նա:

Կուբիվն ընդգծել է, որ «մենք գնում ենք խաղաղությամբ ու պահանջով, որ ի վերջո պետք է որոշում կայացնել»:

Նա նաեւ նշել է, որ երեքշաբթի խորհրդարանի շենքի մոտ դրությունը կարող է կախված լինել նրանից, թե ինչպիսի հրամաններ կտան իշխանության ներկայացուցիչները: «Գլխավորն այն է, որպեսզի սադրանք չլինի: Եթե սադրանքներ լինեն, ամեն ինչ այլ կերպ կլինի»,- ասել է պատգամավորը:

Պատասխանելով այն հարցին, թե կազատեն արդյոք Կիեւի քաղաքային պետական վարչության շենքը, Կուբիվը պատասխանել է, որ այդ հարցի հետ կապված «կա հստակ ծրագիր մարդկանց ազատ արձակելու մասին օրենքի կատարման վերաբերյալ՝ շինություններն ազատելու փոխարեն»: