Ամերիկյան American Airlines ընկերության ուղեւորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել կանադական Նյուֆաունդլենդ նահանգի Գանդեր քաղաքում՝ սրահում ստեղծված անվերահսկելի դրության պատճառով:

Հաղորդում են, որ օդանավը Չիկագոյից մեկնում էր Լոնդոն: Ուղեւորներից մեկը «հրաժարվել է կատարել անձնակազմի հրահանգները»: Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վայրէջք կատարել ու իրավախախտին հանձնել իրավապահներին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ոչ եք չի տուժել:

Հավելենք նաեւ, որ նախօրեին Բելգիայում ձերբակալել էին հինգ անձի, ովքեր վեճ էին բորբոքել ինքնաթիռի մեջ:

Բրյուսելից Կոնգո մեկնող ինքնաթիռում է գտնվել մի կին, ում պետք է աքսորեին երկրում գտնվելու կանոնները խախտելու համար:

Ոստիկանության տվյալներով՝ երբ կնոջը ինքնաթիռ են բարձրացրել, նա սկսել է լաց լինել ու բղավել: Հինգ ուղեւորվ, այդ թվում նաեւ Բրյուսելի խորհրդարանի պատգամավոր Ժիզել Մանդայլա Մալամբան, սկսել են բողոքել կնոջը հայրենիք աքսորելու դեմ: Արդյունքում անձնակազմի հրամանատարի պահանջով վեց անձին հեռացրել են չվերթից, որն արդյունքում հետաձգվել է 1.5 ժամով:

Բողոքող ուղեւորներին ձերբակալել են ցուցմունքներ տալու համար, իսկ գլխավոր մեղավոր կնոջը, ինչպես հաղորդում են, կաքսորեն առաջին իսկ հնարավորության դեպքում: