Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դուստր Արզու Ալիեւան իր ընկերությունը Չեխիայում վաճառել է: ZODIAC Immobilienbesitz s.r.o. ընկերության նոր գնորդը 51-ամյա Մահիր Ռաֆիեւն է: Այդ մասին ասվում է փաստաթղթերում, որոնք ներկայացված են Չեխական Հանրապետության արդարադատության նախարարության գրանցամատյանում:
2012թ.-ին «Ռադիո Ազալդիգի» եւ OCCRP անցկացրած համատեղ հետաքննության արդյունքում պարզվեց, որ նշված ընկերության սեփականատերն է Արզու Ալիեւան: Բացի այդ հաստատվել էր, որ համաձայն Չեխիայի հողային կադաստրի, ընկերությանն է պատկանում առանձնատուն Կարլովի Վարիում 1 մլն եվրո արժողությամբ:
Հաղորդում են, որ Արզու Ալիեւան Չեխիայում իր ունեցվածքի վերաբերյալ հետաքննության հրապարակումից հետո 2013թ.-ի օգոստոսին վաճառել էր այդ ընկերությունը: Գործարքի արժեքը կազմել է 1,2 մլն եվրո: Նշենք, որ Մահիր Ռաֆիեւը հարկերի նախարարի խորհրդականն է: Նա նաեւ տիրապետում է Ata Bank-ի բաժնետոմսերի 8 տոկոսին, որոնք պանամական ընկերությունների եւ Ata Holding-ի միջոցով պատկանում են նախագահի երեխներին:
Նշվում է, որ ադրբեջանական նախարարի խորհրդականի բիզնես գործունեությունը հակասում է տեղի օրենքներին, քանի որ համաձայն «Պետական հարկային մարմիններում ծառայության մասին» դրույթի՝ հարկային մարմինների պաշտոնատար անձինք իրավունք չունեն զբաղվել ձեռներեցությամբ, հաղորդում է «Ազալդիգ» ռադիոընկերությունը:

























