Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է ամերիկացի երեք դիվանագետների երկրից արտաքսելու իր որոշման մասին:
Մադուրոն արտգործնախարարին կարգադրել է անցանկալի անձ հայտարարել Կարակասում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության երեք աշխատակցի` իբր Վենեսուելայի կառավարության դեմ ուղղված գործուղություններին նրանց մասնակցության պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Նախագահը նրանց անունները չի նշել, սակայն մեղադրել է իրենց հյուպատոսական պարտականությունները կատարելու պատրվակով երկրի բուհեր ներխուժելու եւ ուսանողներին հակակառավարական ելույթների հրահրելու համար, որոնք երկրում շարունակվում են արդեն երկու շաբաթ:
Մադուրոն նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ն սերտ կապեր է պահպանում ընդդիմության հետ, հայտնում է Ինտերֆաքսը:
Ըստ Մադուրոյի` ԱՄՆ-ի պետդեպարտամենտը Վաշինգտոնում Վենեսուելայի մշտական ներկայացուցչին նախազգուշացրել էր, որ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Լեոպոլդո Լոպեսի ձերբակալությունը միջազգային բացասական հետեւանքներ կունենա Կարակասի համար:
Նշենք, որ ավելի վաղ Վենեսուելայի իշխանություններն արդեն որոշում կայացրել էին ամերիկացի դիվանագետներին արտաքսելու վերաբերյալ: 2010թ. Վենեսուելայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները հավատարմատարների մակարդակով են պահպանվում:

























