Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Մեծամորում ամուսնու՝ կնոջը դաժանաբար ծեծելով սպանելու դեպքի մասին:  NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ փետրվարի 16-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժին է ներկայացվել 37-ամյա, նախկինում դատված Գրիշա Մ.-ն եւ հայտնել, որ նախորդ օրը, ժամը 23.00-ի սահմաններում, տանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մետաղաձողով հարվածներ է հասցրել կնոջ` 41-ամյա Ժենյա Հարությունյանի մարմնի տարբեր մասերին եւ սպանել նրան:

Մեկնած օպերատիվ խումբը Մայիսյան գյուղի վագոն-տնակներից մեկում հայտնաբերել է Ժ. Հարությունյանի դիակը` բազմաթիվ վնասվածքների հետքերով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 2 փամփուշտ:

Գրիշա Մ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում փետրվարի 16-ին, գիշերը դաժան սպանություն է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով` ամառանոցային հատվածի տներից մեկում ամուսինը հարբած վիճակում դաժան ծեծի է ենթարկել կնոջը, ում առավոտյան հայտնաբերել է մահացած: Ամուսինն այնուհետեւ գնացել է ոստիկանության բաժին, խոստովանել, որ երեկոյան ինքն է դաժան ծեծի ենթարկել, բայց թե ինչպես` ասել է թե չի հիշում: Տղամարդու անունը Գրիշա է, նա 37 տարեկան է, իսկ կինը` Ժենյան իրենից մի քանի տարով մեծ է: Այժմ գործով զբաղվում են իրավապահները: