Ռուսաստանի Դաշնային մաքսային  ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովի հայտարարությունը հերթական անհաջող ձեւակերպումն է: Այս մասին հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Անդրեյ Բելյանինովի  այն հայտարարությունը, թե Բելառուսի, Ռուսաստանի եւ Ղազախստանի մաքսային ծառայությունների աշխատանքային լեզուն ռուսերենն է, իսկ Հայաստանում՝ հայերենը, եւ «պետք է լուրջ աշխատանք տանել, հակառակ դեպքում այդ երկրներում իրար չեն հասկանա»:

 «Թող Անդրեյ Բելյանինովը զբաղվի Մաքսային միության հարցերով: Դա Բաբելոնյան աշտարակաշինությունը չէ, որ լեզուները խառնվելու հետեւանքով ամեն ինչ  տապալվի:  Իսկ երկրորդ, դա նրա գործը չէ, մենք այնքան նման անհաջող ձեւակերպումներ եւ հայտարարություններ ենք լսում տարբեր պաշտոնական անձանց կողմից, որ սա ընդամենը հերթական անհաջող ձեւակերպումն է», - նշել է Արտակ Դավթյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Ռուսաստանի Դաշնային մաքսային  ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը հայտարարել է, որ Հայաստանի՝ Բելառուսի, Ռուսաստանի եւ Ղազախստանի Մաքսային միությանն անդամակցելու գործընթացում արդիական խնդիրներից մեկը տեղեկատվական փոխգործակցության կարգավորումն է: Նա պարզաբանել է, որ Բելառուսի, Ռուսաստանի եւ Ղազախաստանի մաքսային ծառայությունների գործնական շփման լեզուն ռուսերենն է, իսկ Հայաստանում ՝ հայերենը: «Պետք է լուրջ աշխատանք կատարել, այլապես միմյանց չենք հասկանա: Պետք է շատ աբն նորից յուրացնել»,-ընդգծել է ԴՄԾ նախագահը: Միաժամանակ նա հավելել է, որ «պետք է հարգանքով վերաբերել այն պահուստին, որն ունի Հայաստանը»:

Մաքսային միության անդամակցության մտադրության մասին Հայաստանը հայտարարել է 2013թ.-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ բանակցություններից հետո: Դեկտեմբերի 24-ին հաստատվեց Հայաստանի ՄՄ անդամակցության «Ճանապարհային քարտեզը», իսկ այս տարի հունվարին Հայաստանի կառավարությունը հաստատեց «Ճանապարհային քարտեզի» իրականացման միջոցառումների ծրագիրը: