Կիեւի քաղաքապետարանի շենք, որը փետրվարի 16-ին լքել էին ընդդիմադիրները, փետրվարի լույս 17-ի գիշերն էլ ներխուժել են արմատական ցուցարարները:

Ակտիվիստները հայտարարել են, որ չնայած պայմանավորվածություններին, իրենք մտադիր չեն ազատել շենքը: Պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Նարնջագույն հեղափոխության մասնակիցների դաշինք» շարժման առաջնորդ Սերգեյ Մելնիչենկոն, հայտնում է «Վեստին»:

Գիշերվա ժ. 01.30-ի սահմաններում շարժման անդամները՝ դիմակավոր երիտասարդներ, ներխուժել են Կիեւի քաղաքապետարանի շենք եւ սկսել դուրս բերել կենցաղային տեխնիկան, իսկ հետո շրջել են քաղաքապետարանում` ձեռքներին մահակներ եւ երկաթյա ձողեր:

Մելնիչենկոն հայտարարել է, որ շարժմանը չեն հետաքրքրում ընդդիմության եւ կառավարության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ համաներմամբ  բողոքի ցույցերի ոչ բոլոր մասնակիցներն են ազատ արձակվել, այդ պատճառով էլ քաղաքապետարանը չեն  ազատի: 

Ընդդիմադիր մյուս կազմակերպությունների ներկայացուցիչները նույնպես գտնվել են քաղաքապետարանում, ինչպիսիք են օրինակ «Ուկրաինայի հայրենասերները» եւ «Վիկինգները»: Ցանցում տեսագրություն է հայտնվել, որտեղ այդ կազմակերպության անդամներից մեկն ասում է, թե կմնա քաղաքապետարանում ապրելու, քանի որ գնալու տեղ չունի:

 «Սվոբոդա»-ի ներկայացուցիչ Եվգենի Կարասը  խնդրել է նրանց քաղաքապետարան չմտնել, սակայն ի պատասխան միայն հայհոյանքներ է լսել: