ինչո՞ւ շտեմարանների նկատմամբ չի գործում ՀՀ օրենքի պահանջը: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանիում «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը: Նրա հայտարարությունում ասվում է.

«Ինչքա՞ն կարելի է  ամեն տարի  բարձրաձայնել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջի մասին, որն ասում է, որ ավարտական, ինչպես նաեւ պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների անցկացման համար նախատեսվող հարցաթերթիկները կազմվում են բացառապես կրթական ծրագրերով նախատեսված, կրթության պետական լիազորված  մարմնի կողմից պետական հանրակրթական դպրոցներում օգտագործման համար երաշխավորված եւ առնվազն ուսումնական մեկ տարվա ընթացքում դպրոցներում օգտագործված դասագրքերին, ձեռնարկներին, խնդրագրքերին ու ժողովածուներին համապատասխան:

ԿԳՆ պատկան օղակներն այդպես էլ չեն իրականացնում օրենքի  այս պահանջն ու ԳԹԿ-ից չեն պահանջում շտեմարաններն ուղարկել երաշխավորման եւ դրանք կիրառել առնվազն մեկ տարի փորձարկելուց հետո: Ամեն տարի տարբեր փոփոխությունների ենթարկելով շտեմարանները, ընդ որում, ինչպես ստորեւ բերված նամակում է մատնանշում 12-րդ դասարանցին, այդ փոփոխությունները երբեմն դուրս են առարկայական ծրագրերից: 

Նամակը հրապարակում եմ.

«Բարեւ Ձեզ տիկին Բախշյան, Ձեզ եմ գրում մի հարցով, որը վերաբերվում է ամեն տարի փոփոխվող շտեմարաններին: Ես այս տարվա շրջանավարտ եմ, հանձնելու եմ քննություն կենսաբանություն ու քիմիա առարկաներից: Հիմա, երբ քնություններին մնացել է մոտ 4 ամիս, ԳԹԿ-ն լույս է ընծայում նոր շտեմարաններ իբրեւ լրամշակված, բայց ինչ վերաբերվում է իմ առականերին, դրանք հիմանականում բարդացված են, ընդգրկում են թեմաներ, որոնք չեն համապատախանում դպրոցական 12- ամյա ծրագրին, ինչպես նաեւ քանակապես ավելացված է նյութը ու թեստային առաջադրանքները հիմնովին փոխված են: Այս ամենը միասին հնարավոր չէ յուրացնել 4 ամսվա ընթացքում, ինչքան էլ տիրապետում ես առարկային: Քիմիայում հանդիպում են խնդիրներ, որոնք չեն համապատասխանում 12-րդ դասարանի աշակերտ -դիմորդի մակարդակին: Եվ այս նոր շտեմարանները վաճառվում են ավելի թանկ, եւ բոլորիս էլ հայտնի է դիմորդի ծանր սոցիալական պայմանները, ինչը բերում է ոչ հավասարության քննությանը պատրաստվելու ժամանակ: Տիկին Բախշյան, ինչպես կարող ենք այս հարցը բարձրաձայնել ու հասցնել համապատասխան պատասխանատուներին եւ ստանալ պատասխան ու լուծում: Կանխավ շնորհակալություն...»: 

Ես քիմիայի եւ կենսաբանության մասնագետ չեմ, որ հաստատեմ կամ հերքեմ 12-րդ դասարանցու պնդումը: Հրապարակելով  այս նամակը՝ ես նույնպես բացատրություն եմ ակնկալում ու հարցը մնում է` ինչո՞ւ շտեմարանների նկատմամբ չի գործում ՀՀ օրենքի պահանջը: