Թուրքիայի խորհրդարանում օրեր առաջ իշխող եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ ծեծկռտուքի հետքերը խորհրդարանից վերացնելու համար հավաքարարների մեծ խումբ է ժամանել խորհրդարան։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ փետրվարի 14-ին Թուրքիայի խորհրդարանում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորների ծեծկռտուքից հետո խորհրդարանում արյան հետքերը վերացնելու համար բերվել է 100 հոգուց բաղկացած հավաքարարների խումբ։

Թուրքական պարբերականը նշել է, թե հավաքարարներին հաջողվել է ջնջել ծեծկռտուքի հետեւանքով առաջացած արյան հետքերը, սակայն այդ խայտառակ տեսարանի հետքերը ժողովրդի հիշողությունից ջնջել չի հաջողվել։

Նշենք, որ հիշյալ  ծեծկռտուքի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել 3 պատգամավոր, որոնցից ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորը Ալի Իհսան Քյոքթուրքը քթի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց։